Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Նա այն անձն է, ով օրհնում է Աբրահամ նահապետին

Նա այն անձն է, ով օրհնում է Աբրահամ նահապետին
22.04.2016 | 11:12

Աստվածաշնչյան յուրօրինակ կերպարներից է Մելքիսեդեկը: Սուրբ գրքում նրա մասին տեղեկությունները սակավ են: Նա հիշատակվում է Ծննդոց գրքում (Ծննդ. 14.18-20), Սաղմոսներում (Սաղմ.109.4) և Պողոս առաքյալի Եբրայեցիներին ուղղված նամակում (Եբր. 5.6, 7.1-28):

Հատկանշական է, որ նա այն անձն է, ով օրհնում է Աբրահամ նահապետին, որը հետագայում պիտի կոչվեր հավատքի հայր, և ղևտական քահանայությունը նրա սերնդից պիտի սկսվեր: Մելքիսեդեկի օրհնությունը՝ ուղղված Աբրահամին, վկայում է, որ նա առավել բարձր հոգևոր կարգ ուներ Աստծո առաջ, քան Աբրահամը, որովհետև Մելքիսեդեկը Բարձրյալ Աստծո քահանա էր, հետևաբար հրեական ղևտական քահանայությունը երկրորդվում է համեմատած Մելքիսեդեկի քահանայական կարգի հետ: Այս իրողությունը մշտապես հարվածում է հրեաների հպարտությանը, որոնք իրենց համարում են միակ ճշմարիտ աստվածապաշտության ժառանգորդ և Աստծո կողմից բացառիկ քահանայական կարգ ունեցող ժողովուրդ` սերված Աբրահամ նահապետից: Այդ իսկ պատճառով աշխատում են տարբեր մեկնաբանություններով նսեմացնել Մելքիսեդեկի դերը` նրան համարելով անառակ կնոջից ծնված զավակ, ում ծնողների մասին չի հիշատակվում, կամ էլ` Մելքիսեդեկին նույնացնում են Նոյի որդի Սեմի հետ` այդպիսով իրենց համար կնճռոտ հարցը լուծելով: Այնուամենայնիվ Մելքիսեդեկի ծագման, ազգային պատկանելության վերաբերյալ կարծիքները բազմազան են: Առավել ևս Եպիփան Կիպրացին հաշվարկում է նահապետների տարեթվերը և հանգում այն եզրակացության, որ Սեմը չէր կարող ապրել մինչև Աբրահամի ժամանակները: Այդ մասին փաստում է նաև սբ Գրիգոր Տաթևացին իր «Գիրք հարցմանց»-ում: Քրիստոնեական ավանդության մեջ Մելքիսեդեկին անդրադարձել են մի շարք հոգևոր հայրեր, սակայն խորամուխ չեն եղել նրա ազգային պատկանելության հարցի մեջ, այլ առավելապես շեշտադրել են նրա քահանայական կարգի առանձնահատկությունը, որը նախակերպարն էր մեծ քահանայապետ Հիսուս Քրիստոսի: Այդուհանդերձ, Մելքիսեդեկի ազգատոհմի վերաբերյալ տեղեկատվության բացակայությունը տարբեր ժամանակներում դարձել է գայթակղության առիթ, քանի որ որոշ հետազոտողներ փորձել են բերել ինչ-ինչ մեկնաբանություններ ու նրան համարել իրենց ազգից սերված կամ իրենց ազգի հիմնադիր առաջնորդ, ինչպես հրեաները որոշ մեկնաբանություններով փորձում են Մելքիսեդեկին վերագրել սեմական ծագում, որպեսզի շեշտեն իրենց ժողովրդի բացառիկ ընտրյալ լինելու առավելությունը մյուսների հանդեպ:

Սակայն նկատում ենք, որ սա հոգևոր հպարտության դրսևորում է, որով առաջնորդվում են թե՛ հրեաները, թե՛ քրիստոնյա այն հետազոտողները, ովքեր ջանքեր են գործադրում հարանման մեկնաբանություններով իրենց ազգին տալ բացառիկ ընտրյալ լինելու կարգավիճակը: Կան մեկնաբանություններ նաև, որ Մելքիսեդեկը հրեշտակ է եղել կամ Սուրբ Հոգին կամ հենց Հիսուս Քրիստոսը և այլն, որովհետև Պողոս առաքյալը նշում է, որ նա անհայր և անմայր էր և այլն: Բայց սա հարկ է առաջին հերթին հասկանալ հոգևոր իմաստով, ուր խոսվում է հավիտենական քահանայության և դրա առավելությունների մասին, որը նման չէր միայն ղևտական սերնդին արտոնված և տրված ժառանգական քահանայությանը, թեև կան կարծիքներ, որ Մելքիսեդեկը որբ է մեծացել և այդ պատճառով հայտնի չէ նրա ազգատոհմը:

Համենայն դեպս, Սուրբ գիրքը պատմական վկայություն է տալիս, որ նա եղել է Սաղեմի թագավորը, ով ընդառաջ գնաց Աբրահամին, այսինքն` Աբրահամի ժամանակակից մի պատմական անձի մասին է խոսում, ով թագավորել է Սաղեմ քաղաքում: Այս փաստը խոսում է այն հանգամանքի մասին, որ Մելքիսեդեկն իրականում մարդ է եղել, այն էլ թագավոր, այսինքն` տվյալ ժամանակաշրջանում հայտնի անձնավորություն է եղել: Ընդհանուր առմամբ ընդունված է, որ Սաղեմը նույն Երուսաղեմն է: Այդ մասին գրում են նաև Հովսեփոս Փլաբիոսը և պատմաբանների գերակշիռ մեծամասնությունը: Ընդունված է նաև, որ Երուսաղեմը կամ Սաղեմը հիմնել է հենց ինքը` Մելքիսեդեկը: Վարդան Արևելցի Բարձրաբերդցին ասում է. «Մելքիսեդեկը կառուցեց Երուսաղեմը և այնտեղ թագավորեց»: Հարկ է նշել նաև, որ Մելքիսեդեկ անվան ստուգաբանությունը համարվում է, որ սեմական ծագում ունի և կազմված է «մելքի» և «սեդեկ» բառերից: Մելքի` թագավոր, սեդեկ` արդարություն, նաև թագավոր խաղաղության, որ նշանակում է թագավոր Սաղեմի: Հետևաբար, ըստ ընդունված կարծիքի, համարվում է, որ Մելքիսեդեկն է Երուսաղեմի հիմնադիրը: Պողոս առաքյալը նրա մասին ասում է. «Մելքիսեդեկ նախ թարգմանւում է՝ արդարութեան թագաւոր, ապա՝ թագաւոր Սաղեմի, այսինքն՝ թագաւոր խաղաղութեան» (Եբր. 7.2): Հետաքրքրական մի դրվագի ենք հանդիպում Մելքիսեդեկի վերաբերյալ նաև սբ Գրիգոր Նարեկացու մոտ:

Նրա «Ապարանի Սբ Խաչի պատմության» երկում ասվում է, որ հայ մեծամեծներից ոմանք Մելքիսեդեկի հարազատ արյան շառավղից են: Այդուհանդերձ, ամենայն հավանականությամբ, Նարեկացին այդպես գրելով նկատի ունի հայոց աշխարհում հաստատված քրիստոնեական քահանայական կարգի մասին, որը Մելքիսեդեկի հավիտենական քահանայական կարգն է խորհրդանշում, որովհետև այս դեպքում հարազատ արյան շառավղից իմաստն ավելի ընկալելի է այնպես, ինչպես Հովհաննեսի Ավետարանում Հիսուս հրեաների հետ վիճարկում է Աբրահամի որդիներ լինելու հանգամանքը (Հովհ. 8.39-44): Անշուշտ, հրեաները մարմնական տեսակետից Աբրահամի որդիներն էին, սակայն իրապես Աբրահամի որդի էր նա, ով ընդունում ու հավատում էր Հիսուս Քրիստոսին, այսինքն` Աբրահամի որդի լինելը ձեռք էր բերել հոգևոր իմաստ, ինչպես շատ անգամ Աստծո որդիներ վկայությունը տարբեր մարդկանց կամ Քրիստոսին հավատարիմ անձանց էր վերագրվում: Այդ առումով Պողոս առաքյալն ասում է. «քանզի բոլորդ էլ Աստծու որդիներ էք հաւատով ի Յիսուս Քրիստոս» (Գաղ. 3.26), այնուհետև նշում է. «Իսկ եթէ դուք Քրիստոսինն էք, ուրեմն Աբրահամի սերունդ էք, ժառանգներ՝ ըստ խոստման» (Գաղ. 3.29):
Հավանական է, որ Մելքիսեդեկի ազգային ծագման լուսաբանումը ամփոփված է Եզեկիելի մարգարեության մեջ, որտեղ կարդում ենք. «Այսպէս է ասում Ամենակալ Տէրը Երուսաղէմին. քո արմատն ու ծնունդը քանանացիների երկրից են. հայրդ ամորհացի է, մայրդ՝ քետացի հիթիթ» (Սբ գրքի եբրայերեն տարբերակում միայն գրված է քետացի) (Եզեկ. 16.3): Ենթադրելի է, որ այստեղ խոսվում է Երուսաղեմի հիմնադրի և նրա ազգային պատկանելության մասին: Եվ եթե, ըստ ընդունված կարծիքի, Մելքիսեդեկն է Երուսաղեմ քաղաքի հիմնադիրը, այս դեպքում Եզեկիել մարգարեն լույս է սփռում, թե նա ինչ ազգից է եղել: Թե՛ ամորհացիները, թե՛ քետացիները Քամի որդի Քանանի սերունդներից էին (Ծննդ. 10.15):

Իսկ հիթիթ լինելու պարագան պատմագիտական հետազոտությունները մեզ տանում են դեպի հնդեվրոպական լեզվաընտանիքի ճյուղերից մեկի՝ խեթերի մոտ, որոնք հիմնականում բնակվել են Փոքր Ասիայի կենտրոնում և ըստ որոշ պատմագիտական տվյալների արշավանքներ կազմակերպել նաև դեպի ներկայիս Պաղեստին և հասել մինչև Եգիպտոս: Առկա է նաև այնպիսի մոտեցում, թե Մելքիսեդեկը չէր կարող Նոյի կողմից անիծված Քանանի սերնդից լինել, մանավանդ անիծված ազգի կամ անհատի սերունդը կամ սերունդները նույնպես կարող են ընկնել տվյալ անեծքի ներքո (Ելք 20.1-5, 34.7, Թվեր 14.18, Երկրորդ օրենք 5.9), սակայն այս հարցի շուրջ կրկին հետաքրքիր լուսաբանում է տալիս Եզեկիել մարգարեն, ուր կարդում ենք, որ ծնողների պատճառով անեծքի տակ ընկած նրանց սերունդները կամ զավակները կարող են այդ անեծքից ազատվել, եթե ապրում են բարեպաշտ, առաքինի ու Աստծուն հաճելի կյանքով (Եզեկիել 18-րդ գլուխ):


Համենայն դեպս, այն հարցը, թե Պողոս առաքյալն ինչու չի անդրադարձել Մելքիսեդեկի ազգային պատկանելությանը, հասկանալի է դառնում այն պարզ պատճառով, որ դա էական ու կարևոր հարց չի համարվել, հատկապես, որ առաքյալն ասում է. «այլեւս չկայ հրեայ, ոչ էլ հեթանոս, թլփատութիւն եւ անթլփատութիւն, բարբարոս, սկիւթացի, ծառայ, ազատ, այլ՝ Քրիստոս, որ ամէն ինչ է ամէն բանի մէջ» (Կողոս 3.11): Այդ մասին նա խոսում է նաև Գաղատացիներին ուղղված նամակում (Գաղ. 3. 26-29), իսկ Պետրոս առաքյալը, իբրև ընտրյալ ազգ, այդուհետ նշում է ոչ թե որևէ առանձնացված ազգի և երկրի մասին, այլ նոր ընկալմամբ ազգ հասկացությունը նոր ըմբռնում և որակ է ձեռք բերում. «Բայց դուք ընտիր ցեղ էք, թագաւորութիւն, քահանայութիւն, սուրբ ազգ, Աստծու սեփական ժողովուրդ, որպէսզի ձեր առաքինութիւնները նուիրէք նրան, ով խաւարից ձեզ կանչեց իր սքանչելի լոյսին» (Ա Պետր 2.10), որն ունի հոգևոր իմաստ և վերաբերում է Քրիստոսի եկեղեցուն, ուր հավաքված են Քրիստոսին հավատարիմ տարբեր ազգերի ներկայացուցիչները (Հայտն. 7.9):
Արդ, մենք հասկանում ենք, որ Աստծո համար կարևոր է յուրաքանչյուր մարդու փրկությունն անկախ նրա ազգային պատկանելությունից, և Աստծո ժողովուրդ լինելը որևէ ազգի բացառիկ առաքելությունը չէ, ինչպես մինչ օրս շարունակաբար հրեաները փորձում են այդ բացառիկությունն իրենց վերագրել, այլ Քրիստոսի եկեղեցու առաքելությունն է, որը առաքյալների միջոցով իր աստվածադրոշմ լույսով հաստատված է տարբեր երկրների ու ազգերի մեջ՝ հաղորդակից դարձնելով հավիտենականությանը բոլոր նրանց, ովքեր հավատում ու ընդունում են Հիսուս Քրիստոսին:


Հովհաննես ՄԱՆՈՒԿՅԱՆ

Դիտվել է՝ 3015

Մեկնաբանություններ